Աղքատության ցուցանիշը 2 տոկոսային կետով նվազել է. աշխատավարձը աճել է շուրջ 30%-ով. ֆինանսների նախարար


Աղքատության ցուցանիշը 2 տոկոսային կետով նվազել է. աշխատավարձը աճել է շուրջ 30%-ով. ֆինանսների նախարար
Հունիս 16 22:56 2026

Աղքատության ցուցանիշը 2 տոկոսային կետով նվազել է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0,5 տոկոսային կետով: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

 

 

«2021 թվականի համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 4.8%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.9%-ային կետով։ Աշխատավարձի բարձր աճեր են գրանցվել գյուղատնտեսության վարչական ծառայությունների փոխադրումների ոլորտում: Գործազրկությունը նվազել է 0.6%-ային կետով՝ կազմելով 12.8%, 2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 48.6% տոկոսով, վարձու աշխատողները՝ 22.4%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ային կետով:

 

2021 թվականի համեմատ սպառողական գները աճել են շատ ավելի համեստ տեմպով՝ 14.8%-ով, ինչը նշանակում է, որ իրական արտահայտությամբ միջին աշխատավարձը աճել է շուրջ 30%-ով: Միջին աշխատավարձի աճը զուգորդվել է արտադրողականության բարձրացմամբ: Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշում, 2024 թվականին գրանցվել է վերջինիս 2%-ային կետով նվազում, իսկ ծայրահեղ աղքատությունը նվազել է 0,5%-ային կետով»,- նշել է Հովհաննիսյանը: