Խողովակի վրայով անցնելիս փոքր երեխան ընկել է, մեծը ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, լսել են՝ գետի միջից մի երեխա գոռացել է՝ մամա ջան, օգնեք. Վանաձորցիները՝ դեպքի մասին


Խողովակի վրայով անցնելիս փոքր երեխան ընկել է, մեծը ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, լսել են՝ գետի միջից մի երեխա գոռացել է՝ մամա ջան, օգնեք. Վանաձորցիները՝ դեպքի մասին
Հունիս 16 13:27 2026

«Դաժան դեպք է եղել, բայց մեր՝ վանաձորցիներիս խելքից, այդ խողովակն ինչ գործ ունի այդտեղ, որ երեխաներն էլ ընկնեն ջուրը», news.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի բնակիչներից մեկը՝ պատմելով նախօրեին  7 և 13 տարեկան երեխաների՝ գետն ընկնելու մասին։ 

Նա նշեց, որ այդ խողովակի վրայից նաև հղի կին էլ է ընկել, երեխաներն էլ են ընկել. «Մեկի խելքը չի հասնում հանի այդ խողովակն ու հեռացնի։ Համոզված եմ, որ այս դեպքից հետո էլ չեն հանի»։ 

«Ներկա չեմ եղել դեպքին, բայց թաղամասում լուրեր են պտտվում, որ խողովակով անցնելուց փոքր երեխան ընկել է, մեծն էլ ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, ինքն էլ է ընկել ջուրը»,- ասաց նա։ 

Վանաձորցին պատմեց, որ այս ընտանիքի մեծ՝ 15 տարեկան երեխան իր տղայի դասարանից է։ 

«Խելոք, աշխատող, շնորհքով ընտանիք է,  Ղարաբաղից են եկել։ Երկրորդ սարսափելի հարվածը ստացան. Ղարաբաղում կորցրեցին տունը, Հայաստանում էլ երեխաներին»։ 

Մեկ այլ բնակիչ պատմեց. «Մի մարդ տեսել է, որ գետի միջից մի երեխա գոռում է մամա ջան, օգնեք։ Մինչև իջանք,  գետի կողքերը նայեցինք, չտեսանք։ Որպես կամավորներ մինչև ուշ գիշեր փրկարարների հետ նայել ենք տարածքը, ոչ մի արդյունք։

Սկզբից մի երեխու էինք ման գալիս, հետո երբ մայրը հայտնվեց, ասաց, որ երկրորդ երեխան էլ չկա»։ 

Նշենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Նախօրեին սկսված որոնողական աշխատանքները  շարունակվում են այսօր։  Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։