«Ազգային ժողովի բարձր ամբիոնից ասեք հստակ ժամկետներ՝ երբ է կառուցվելու Վարդենիսի հիվանդանոցը, որի մեջ կլինի դիահերձարան»,-Ազգային ժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ Ավանեսյանն ասել է՝ հիվանդանոցը կառուցվում է։
«Ես գիտեմ, որ որևէ տեղ որևէ շինարարական աշխատանք չկա։ Իմ գրավոր հարցումից պարզվել է, որ դեռ փաստաթղթային փուլում է, մինչև շինարարության ընթացքը կան իրավական որոշ գործընթացներ»,- ասաց Թովմասյանը։
Անահիտ Ավանեսյանն արձագանքելով Թովմասյանին՝ ասաց. «Կխնդրեմ՝ դուք էլ այդ բարձր պատգամավորի խոսափողից կեղծ թեզ չդենք իմ բերանը և հետո դրա վերաբերյալ հարց տաք։
Ես ասել եմ՝ Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգվում է, այն արդեն իսկ ամփոփման շրջանում է։ Ասել եմ՝ Վարդենիսի բժշկական նոր կենտրոնի նախագիծն արդեն իսկ հրապարակված է, որի մեջ կլինի նաև դիահերձման համար նախատեսված ծառայություններ։
Խնդրեմ իրականությունից դուրս այլ բաներ չվերագրել ինձ»։
Թագուհի Թովմասյանն ասաց. «Կեղծիքներ տարածելու հարցում վարպետությունը փնտրեք այլ տեղ։ Դա ձեր խոսքն էր։ Այս հարցուպատասխանից հետո ձեր ուղիղ խոսքը կհրապարակեմ, որտեղ բառացի ասում եք՝ կառուցվում է։
Այս դեպքում կեղծիք տարածողը դուք եք, որովհետև վարչապետի ներկայությամբ հայտարարել եք վարդենիսցիների մոտ, որ կառուցվում է հիվանդանոցը, որտեղ կլինի դիահերձարան։ Պարզ է, որ չի կառուցվում, խոսքը ժամկետների մասին է։ Այս ամբոինից հայտնեք ժամկետներ»։
Ավանեսյանն ասաց, որ Վարդենիսում կառուցվում է բժշկական կենտրոն, կառուցումն ունի շրջափուլեր՝ նախագիծ, նախագծի հաստատում, շինարարության մրցույթ, շինարարություն, ավարտական ակտ, լիցենզիա, շահագործում։
«Վարդենիսի հիվանդանոցի նախագիծն արդեն ավարտվել է, փորձաքննության շրջանակում է։ Մինչև տարվերեջ կունենանք մրցույթ, այդ ժամանակ էլ պարզ կդառնա շինարարության ընթացքի հստակ շրջանակը»,- նշեց Ավանեսյանը։










