Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, ստացել ենք ավելի շատ քվե, քան 2021 թվականին, դա բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք չենք ուզում, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետև մեր ստացած ձայները լեգիտիմ են և մենք ձևավորելու ենք կառավարություն»,-ասաց Ռուբինյանը։
Նա ասաց, թե շատ ուրախ խորհրդարան կլինի, եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն.
«Վերջապես ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրենց ապօրինի ձեռք բերած գույքը պաշտպանելու կամ իրենց դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար»։
Ինչ վերաբերում է պաշտոնների բաշխմանը, Ռուբինյանն ասաց, թե «ճակատագրեր» դեռ չեն քննարկել։
«Դեռ չենք քննարկել, եթե անկեղծ՝ ես ինքս էլ դեռ չեմ մտածել»,-նշեց Ռուբինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինքը հակված է մնալ օրենսդիրո՞ւմ, թե՞ գնալ գործադիր մարմին։
Դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահի ախորժակ ունի՝ Ռուբինյանն արձագանքեց.
«Ես ախորժակ ունեմ միայն քյաբաբի և շաումայի, այն էլ բացառապես բառիս բուն իմաստով և ոչ կալուգացի օլիգարխի մտածած իմաստով»։










