Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը 2021 թվականին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների թվում էր և պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դիմավորած «Սյունյաց ողջույնների» կազմակերպիչներից, մի քանի տարի առաջ սահուն անցում կատարեց ՔՊ-ի ճամբար և սկսեց հլու-հնազանդ ծառայել Նիկոլ Փաշինյանին: Նա այս ընտրություններից առաջ խոստացել է ՔՊ-ին բարձր ձայներ ապահովել Գորիսում` 60-70 տոկոս քվե։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը։
Թեև Սյունիքում «Ուժեղ Հայաստանը» հիմնականում պարտվել է ՔՊ-ին, բայց Գորիսում բավականին շատ ձայներ է տարել: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Առուշանյանը խիստ զայրացել է և համայնքապետարանի աշխատողներին «պատերին ծեփել»: Դրանից հետո Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել: Դիմում է գրել նաև համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը:
«Հրապարակ»-ի աղբյուրի խոսքով, Առուշանյանն է նրանց ազատել աշխատանքից, սակայն Առուշանյանի տեղակալը լրատվամիջոցի հետ զրույցում հակառակն է պնդել` իր կամքով է հեռանում:
Արտյոմ Աղաջանյանը նախ հաստատել է տեղեկությունը, որ այսօր ինքն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, սակայն պնդել է, որ պատճառը առողջական է. «Առողջական խնդիրների պատճառով եմ ազատման դիմում գրել, այլ պատճառ չկա»։
Հարցին՝ ուրիշ աշխատակիցների է՞լ է Առուշանյանը կարգադրել, որ ազատման դիմումներ գրեն, պատասխանել է, թե տեղեկություն չունի:










