Հասարակության զգալի հատվածի անվստահությունը վաղ, թե ուշ վերածվում է նոր քաղաքական գործընթացների և նոր քաղաքական իրողությունների. Դանիելյան


Հասարակության զգալի հատվածի անվստահությունը վաղ, թե ուշ վերածվում է նոր քաղաքական գործընթացների և նոր քաղաքական իրողությունների. Դանիելյան
Հունիս 8 18:08 2026

Իշխանությունն ամեն գնով պահպանելը դեռ չի վկայում հասարակության վստահության մասին, ընտրություններից հետո տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալով՝ գրել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում։

Սակայն թվերն ու քաղաքական իրողությունները խոսում են այլ բանի մասին։

Պետական ամբողջ ռեսուրսի, տեղեկատվական գերակայության, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների և քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը չկարողացավ ապահովել ոչ սահմանադրական մեծամասնություն, ոչ էլ ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը։

Սա պարզապես ընտրական արդյունք չէ․ սա քաղաքական գնահատական է։

Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին գործող իշխանությունը կորցրել է իր դիրքերը Երևանի և Գյումրու նման առանցքային քաղաքներում, ինչը վկայում է հանրային տրամադրությունների էական փոփոխության մասին։

Ուստի այս արդյունքը դժվար է չդիտարկել որպես ռազմավարական անհաջողություն։

Ավելի ճիշտ կլինի այն բնութագրել որպես պյուրոսյան հաղթանակ՝ ձևական հաջողություն, որը ձեռք է բերվել քաղաքական վստահության շարունակական նվազման պայմաններում։

Ի վերջո, քաղաքականության մեջ իշխանության պահպանման փաստն ինքնին դեռևս չի նշանակում հասարակական վստահության պահպանում։

Իսկ հասարակության զգալի հատվածի անվստահությունը վաղ, թե ուշ վերածվում է նոր քաղաքական գործընթացների և նոր քաղաքական իրողությունների»։