Ժողովուրդը պետք է հաղթի Նիկոլ Փաշինյանին, ոչ թե ընդդիմադիր ուժերը. Էդուարդ Շարմազանով


Ժողովուրդը պետք է հաղթի Նիկոլ Փաշինյանին, ոչ թե ընդդիմադիր ուժերը. Էդուարդ Շարմազանով
Հունիս 5 13:02 2026

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեն և կապված են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ։

Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արմեն Աշոտյանի և Արման Սահակյանի ձերբակալություններին, Շարմազանովը նշեց, որ դեռևս նախընտրական շրջանի մեկնարկից կանխատեսել էին նման զարգացումները. «Ասել էինք, որ որքան ընտրություններին մոտենանք և որքան իրավիճակը բարդանա իշխանությունների համար, այնքան ռեպրեսիաները կավելանան։ Պետք է պատրաստ լինել դրան»։

Շարմազանովի խոսքով՝ գործող իշխանությունները փորձում են երկրում ձևավորել վախի մթնոլորտ։

Հարցին, թե արդյոք վերջին ձերբակալությունները կապված են ընդդիմության հանրահավաքների և քաղաքական բանավեճերի հետ, նա պատասխանեց, որ խնդիրը շատ ավելի լայն է և վերաբերում է ընդհանուր քաղաքական իրավիճակին։

«Դա կապ ունի երկրում տիրող մթնոլորտի հետ։ Դրա համար էլ ռեպրեսիաները սաստկանում են։ Կանգնում և բանավեճի ժամանակ ուղիղ հրահանգ է տալիս՝ սրան կբռնեմ, նրան կբռնեմ, դատավճիռներ է կայացնում։ Ակնհայտ է, որ նա վա-բանկ է գնում ու մենք դրա մասին բազմիցս ասել ենք»,-ավելացրեց նա։

ՀՀԿ ներկայացուցիչը հիշեցրեց նաև նախորդ քաղաքական գործընթացները՝ պնդելով, որ տարբեր շարժումների և բողոքի ակցիաների ընթացքում ևս եղել են բազմաթիվ ձերբակալություններ. «Սրբազան շարժման ժամանակ բռնել տվեց շատ մարդու, մինչև այդ էլ բռնեց, հիմա էլի բռնելու փուլը սկսել է»։

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ Շարմազանովը շեշտեց, որ քաղաքական փոփոխությունների հիմնական դերակատարը պետք է լինի հասարակությունը։

«Ժողովուրդը պետք է հաղթի Նիկոլ Փաշինյանին, ոչ թե ընդդիմադիր ուժերը։ Եթե քաղաքացիները գիտակցեն, որ գործող իշխանությունների քաղաքականությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականության համար, ապա արդյունքը կերևա ընտրություններում»,- հստակեցրեց նա։

Անդրադառնալով նախկին իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին՝ Շարմազանովը նշել է, որ նախկին համակարգում ևս խնդիրներ եղել են, սակայն, իր խոսքով, այդ ժամանակ քաղաքական հակառակորդների նկատմամբ վերաբերմունքը տարբեր էր. «Մորթին, թողին նախկին ասելով։ Երկիրը կործանվում է՝ նախկիններից են խոսում։ Նախկինն արդեն 8 տարի թողել, գնացել է։ Նախկինը համաներել է, ինքը՝ բռնում։ Մեր տարբերությունը դա է։ Մեր իշխանությունը համաներում է արել, այդ թվում՝ իրեն, ոչ բարով։ Մեր իշխանության ժամանակ որևէ ընտրական բանավեճի ժամանակ պետության ղեկավարն իրեն էսպես լկտի պահե՞լ է, ուղիղ հրահանգ տվե՞լ է ԿԸՀ-ին, իր արբանյակ կուսակցություններին, սպառնացե՞լ է։ Պատկերացնու՞մ եք Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը հելնեին ու ինչ-որ մեկին ասեին՝ դու հանցագործ ես, դու պետք է դատվես։ Նախկինի ժամանակ մի ընդդիմադիրի կողքով քամին անցնում էր, ինչքան եվրոպական ու ամերիկյան կառույց կար շուխուռ էին դնում, բա ու՞ր են, ծպտունները չի երևում։ Չեմ ասում, որ նախկինում ամեն ինչ լավ է եղել, նախկինում էլ են եղել լիքը խնդիրներ»։

Նա նաև մեկնաբանել է ժամանակին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված համաներման թեման՝ ընդգծելով, որ չի զղջում այդ որոշման համար։

«Համաներումը մեկ մարդու համար չէր։ Այն վերաբերում էր հարյուրավոր մարդկանց։ Դա հումանիստական քայլ էր, և նման որոշման համար հնարավոր չէ փոշմանել։ Հո հատուկ իր համար համաներում չենք արել։ Հիմա մի հոգի էսպես ա դուրս եկել, 500 հոգի էլ նորմալ մարդիկ են, վերադարձել իրենց ընտանիք, հասարակություն։ Համաներման համար ո՞նց կարող է մարդ փոշմանել, դա հումանիսական քայլ է։ Հիմա, որ ինքն էդպիսին ա դուրս եկել, մենք ի՞նչ անենք»,- եզրափակեց քաղաքական գործիչը։