Իմանալով, թե ով է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այս ամենը սպասելի էր, նույնիսկ դեռ մեղմ է։ Նիկոլ Փաշինյանը փոքրիկ ֆաշիստ է, նա չէր կարող հանգիստ տեսնել, թե երեկ ինչ զանգված էր հավաքվել Հանրապետության հրապարակում, համոզված եմ՝ ինքը հիմա հիստերիայի մեջ է, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիրների բնակարանների համատարած խուզարկություններին, կալանավորումներին, ասաց քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանն այս կալանավորումներով փորձում է երկու հարց լուծել. «Նա հիմա իր նենգությունն է բավարարում՝ «մարդկանց հատակին ծեփելով ու պատերին դեմ տալով»։ Ինքը փորձում է ահ ու սարսափ մտցնել հասարակության մեջ և ցույց տալ, որ ոչ մի ձևաչափով չի ընդունելու իր պարտությունը։ Այնպես որ, ընդդիմությունը պետք է շատ լավ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ պետք է ունենալ նաև պլան Բ՝ հեղափոխություն։ Ինքն է ասում չէ՞, որ ժողովրդին ձեռք չի տալիս՝ թող հեղափոխություն անի»։
Նա հավելեց, որ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։
Քաղաքագետը նշեց նաև, որ իշխանություններն ահռելի վարչական ռեսուրսներ են կիրառում այս օրերին. «Բացահայտ մասսայական տեռոր, պետական հիմնարկներում աշխատող մարդկանց պարտադրում են ինչ-ինչ ձևաչափերով ապացուցել իրենց, որ Նիկոլ են ընտրել։ Նշեմ նաև, որ, ըստ ասեկոսեների, Գյումրիում տեղակայված զինվորական զորամասերի հրամանատարները զինվորներին պարտադրում են նկարել քվեաթերթիկները և ապացուցել, որ ընտրել են ՔՊ-ին»։
Քաղաքագետը հորդորում է քաղաքացիներին չտրվել սադրանքների, քվեաթերթիկները նկարել, սակայն հետո փոխել ու ընտրել այն ուժին, որին կցանկանան.«Հեչ պետք չէ ընդդիմանալ, քանի որ գործ ունես դասական բռնապետի հետ։ Ասեք ՔՊ-ին եք ընտրում, սակայն ձեր ընտրությունը կատարեք»։










