ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի պնդումներին, թե նախկին իշխանությունները «չեն զինել» բանակը։
«Սերժը «80-ականների զենքերով» հաղթել է Ալիևին, իսկ քո ձեռքին ատոմային զենք էլ լինի՝ պարտվելու ես»,- ասել է Շարմազանովը։
«Մինչև քեզ մեր բոլոր իշխանությունները, մասնավորապես՝ ՀՀԿ-ի իշխանությունը հաղթանակած է եղել։ Էդ քո ասած «50,60,70,80-ականների զենքերով» հայ ժողովուրդը հաղթել է Ապրիլյան քառօրյա պատերազմում, իսկ դու Արցախը հանձնել ես, Հայաստանի 240 քառ. կմ-ն էլ օկուպացված է Ադրբեջանի կողմից»,- դիմելով Փաշինյանին՝ հավելել է Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրել է նաև Նժդեհի խոսքերը՝ միևնույն բանակն ու ժողովուրդը, կախված նրանից, թե ով է իր ղեկավարը, կարող է և՛ հրաշագործություններ կատարել, և՛ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջև։
«Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայոց բանակն ու հայ ժողովուրդը հրաշագործություններ են կատարել և հաղթել են թշնամուն, հետևաբար, պրոբլեմը ոչ թե բանակի ու ժողովրդի մեջ է, այլ քո մեջ է, Նիկոլ Փաշինյան»,- ասել է Շարմազանովը։










