«Մենք թույլ չենք տա 300 հազար ադրբեջանցու մուտքը Հայաստան։ Մենք ցույց տվեցինք դրա անելու ձևը»,- տավուշցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ գործող իշխանություններին հեռացնելու հենց առաջին օրը օրենք են ընդունելու, որի վերնագիրն է «Սաֆարովի կանխարգելման» օրենք։
«Որպեսզի ադրբեջանցիները հնարավորություն չունենան սկզբից զավթեն մեր գյուղերը, դրանից հետո շատ արագ բազմանալով երկրի ներսում, հենց ունեցան լուրջ քանակ, իրենք պահանջելու են և շատ հեշտ՝ մի հանրաքվեի միջոցով լուծելու են մեր պետության խնդիրները»,- ասաց Կարապետյանը՝ պարզաբանելով, որ նման եզրակացության ենք գալիս հիմնվելով ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա։
Կարապետյանն ասաց, որ ադրբեջանցիները հայրենիք չունեն և աչքները դրել են Հայաստանի վրա։
«Միայն մենք, ձեզ հետ կարող ենք հեռացնել այս մարդուն, ինքը շատ մեծ հակումներ ունի դեպի Ադրբեջան գնալուն, չնայած ես ցանկանում եմ, որ ինքը վայելի իր ունեցվածքը Կանադայում։ Բայց տեսնում եմ, որ աչքը միշտ Ադրբեջանի վրա է։ Թող գնա, Ադրբեջանում նա շատ էֆեկտիվ կլինի Հայաստանի համար՝ կզբաղվի Ադրբեջանի տուրիզմով և կջնջի այն, գոնե մի լավ բան անի մեր երկրի համար»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը;










