Ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան


Ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան
Հունիս 1 14:02 2026

«Այսօր Հայաստան աշխարհը հոգևոր ու ազգային այնպիսի հանգրվանի առջև է, որը շատ առումներով հիշեցնում է Եղիա մարգարեի ժամանակները։ Ընտրությունների շեմին մեր հասարակությունը հոգնած է, բևեռացված, հիասթափված, հաճախ նաև ներքին անապատի մեջ։ Հասարակական-քաղաքական դաշտը լեցուն աղմուկով, փոխադարձ մեղադրանքներով, վախերով ու խոստումներով, մինչդեռ ժողովրդի ներսում ավելի խորը հարց է հնչում․ «Ո՞ւմ հետևենք»»,- Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում, Եղիա մարգարեի հիշատակության օրվա առիթով ունեցած քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Ռուբեն Սրբազանը մասնավորապես նշել է. «Օրվա իշխանությունը, Աքաաբի պես, ներկայացնում է խաղաղության, բարեկեցության և «իրատեսության» ծրագիր՝ հանուն անվտանգության, տնտեսական զարգացման և արտաքին նոր ուղղությունների։ Բայց ինչպես Աքաաբի օրոք Բահաղի պաշտամունքը ներմուծվում էր որպես առաջադիմության և հարստության ճանապարհ, այնպես էլ այսօր մեր ազգային-հոգևոր ինքնությունը վտանգի տակ է՝ հանուն թվացյալ ապահովության և քաղաքական հաշվարկների։

Եղիան Աքաաբին դեմ չէր որպես քաղաքական ընդդիմախոս։ Նա մարգարեական ձայնն էր՝ բացելու ժողովրդի աչքերը և ցույց տալու, որ արտաքին փայլի տակ թաքնված է ավելի խորը երաշտ՝ հոգևոր, ազգային և բարոյական։ Այսօրինակ առաքելությամբ է փորձում հանդես գալ Հայոց Եկեղեցին՝ իր բոլոր մարդկային սահմանափակումներով ու տկարություններով։ Եկեղեցու ձայնը հնչում է ոչ թե իբրև իշխանության մրցակից, այլ հիշեցում, որ ազգն ու պետությունը չեն կարող ապրել միայն քաղաքական տեխնոլոգիաներով, տնտեսական խոստումներով կամ աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Զոհասեղանին մեր հավաքական կյանքի, հայրենիքի վերջին սրբության, ազգային ինքնության, ազգային արժանապատիվ՝ հոգևոր կյանքի հարցն է դրված։

Ինչպես Եղիան Կարմելոս լեռան վրա հարցրեց․ «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով», այնպես էլ այսօր հայ հասարակությունը կանգնած է ընտրության առաջ՝ ոչ միայն կուսակցությունների, ոչ միայն աշխարհաքաղաքական կենտրոնների, այլև արժեքների միջև։ Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն։

Եղիայի մեծությունն այն էր, որ նույնիսկ հաղթանակից հետո նա հասկացավ՝ ինքը չէ հույսի տերը։ Հույսը Աստծուց է։ Ահա թե ինչու այսօր Հայ եկեղեցու մարգարեական կոչը նախ և առաջ սա պիտի լինի․ մի՛ ընտրեք վախով, ատելությամբ կամ հիասթափությամբ։ Մի՛ ժխտեք մեկդ մյուսի՝ հանուն սեփական փրկության և ապահովության, հանրային բարիքի մեջ է յուրաքանչյուրիս անհատական բարիքը։ Ժողովուրդը, որ կորցնում է իր հոգևոր լսողությունը, հեշտությամբ գերվում է աղմուկին, «քաղաքական բահաղներին» և կեղծ փրկիչներին։

Իսկ «լռության նրբին ձայնը», որի մեջ Եղիան զգաց Աստծո ներկայությունը, այսօր կարող է հնչել Հայոց Եկեղեցու գմբեթի տակ, ժողովրդի աղոթական խղճի մեջ՝ որպես վերջին զգուշացում, որ Հայաստանի ապագան որոշվում է ոչ միայն ընտրատեղամասում, այլ ժողովրդի հոգևոր վիճակի մեջ։ Որովհետև երբ ժողովուրդը դադարում է լսել ճշմարտության ձայնը, սկսում է հավատալ միայն պատրանքին, վախին և շահին։ Իսկ դա արդեն ազգային երաշտի ախտանիշ է։

«Եթե Տերն է Աստված, գնացեք նրա՛ հետևից, և եթե Բաաղն է աստված, գնացեք նրա՛ հետևից։

Աստծո շնորհը ձեզ հետ թող լինի․ ամեն»։

Քարոզն ամբողջությամբ՝ այստեղ։