Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից


Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից
Մայիս 30 15:26 2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

 

Հայցը քննվելու է Երևանի քաղաքացիական դատարանում՝ դատավոր Վահագն Թորոսյանի նախագահությամբ։

 

Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ արված հայտարարությունը, որով, ըստ հայցի, վերջինս տարածել է զրպարտություն պարունակող տեղեկություն։ Խոսքը վերաբերում է այն պնդմանը, թե իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ «արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»։

 

Հայցադիմումով պահանջվում է, որ հերքումը հրապարակվի Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերում՝ առանց հավելյալ մեկնաբանությունների և նույն տեսանելիությամբ, ինչ սկզբնական հրապարակումը։

 

Բացի այդ, Սամվել Կարապետյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքն ու փաստաբանական վարձատրությունը