«Հայաստան» դաշինքը մայիսի 28-ին այցելել է Սարդարապատ։
«Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապված է նրա հետ,թե որքանով ենք կարևորում մեր ինքնությունը, անկախությունն ու պետականությունը»,- այս մասին Սարդարապատում ելույթի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը։
Մեջբերելով մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի խոսքը, Ռուստամյանն ասաց․ «Սերունդներ, ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։
Քաղաքական գործիչը խոսեց նաև ինքնության կարևորությունից՝ ընդգծելով, որ պետության իրական անկախությունն ու ինքնիշխանությունը այսօր ակնհայտ է դառնում, երբ համեմատում են 1918թ․-ի և այսօրվա վիճակը։
«1918թ․-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն, կար միասնական հայություն, իր ինքնությունը պահպանելուն նվիրված հայություն։ Այդ հավաքական ուժը պետություն չունենալով՝ կարողցավ կանգնեցնել թշնամուն 3 ճակատով՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում։ Սա միայն այդ ոգու արդյունքն է։ Եթե կա ոգի, ապա թշնամուն կարելի է կանգնեցնել փոցխերով ու եղաններով,ինչպես Բաշ Ապարանում, կարելի է կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթե ունես կռվելու ու պայքարի ոգի։ Եթե հասկանում ես, որ գոյությունդ անիմաստ է դառնում, եթե հեռացել ես ինքնությունից, հրաժարվել ես։ Հենց դա էին մեզանից պահանջում դարեր շարունակ»,- նշեց Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ այսօր «հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի։
«Փախնում են դրանից։ Մենք հենց սա պետք է վերականգնենք»,- հավելեց նա։










