ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Ապարանում դիմավորում են բարձր ու տոնական տրամադրությամբ։
«Մի հատ թագավորիս գրկեմ», «Ձեզ հետ նկարվեմ» այս ու այլ բացականչություններով են ապարանցիները դիմավորում քաղաքական գործչին։ Քաղաքացիների հետ շփումից հետո Ծառուկյանը կարճ պատասխանում է լրագրողների հարցերին։
Անդրադառնալով Քննչական կոմիտեի ընտրակաշառքի վերաբերյալ երեկ տարածած հաղորդագրությանը՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, նման բան լինել չի կարող, ինքն ու թիմակիցները գիտեն, որ սարքած ու շինծու գործ է։
Ինչ վերաբերում է ՔՊ-ականների կողմից իրեն մականունով դիմելուն, Ծառուկյանն ընդգծեց.
«Կարող եմ ասել, որ ցանկացած երևացող, աշխույժ մարդ մականուն ունի։ Ավելի լավ է մականուն ունենաս, քան ծածկանուն։ Իմ մականունի հետ կապված, ես աշխույժ երիտասարդ եմ եղել, հարցրել են մարդիկ՝ ո՞վ է այս երիտասարդը։ Ասել են՝ դոդենց Գագոն։ Իմ ցեղում մարդիկ մեծ՝ դոդի ամաններով են հաց կերել, այդպես մնացել է։ Հիմա մարդիկ ինձ թագավոր էլ են ասում, ինչո՞ւ այդպես չեն դիմում»։
Լրագրողը հետաքրքրվեց Ծառուկյանի որձ առյուծի որպիսությամբ։
«Որձ առյուծը շատ հպարտ է, վայելում է իր հանգիստը։ Նա հանգիստ, պարկեշտ նստած է իր տեղը, ծանրակշիռ, որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միշտ ուժեղ մարդը հանգիստ է լինում, մինչև չբզբզեն, քայլ չի կատարում»։










