Իրավիճակը կառավարելի է, մեծ հաշվով Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան


Իրավիճակը կառավարելի է, մեծ հաշվով Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան
Մայիս 21 13:08 2026

Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական գրություն չենք ստացել Հայաստանից ծաղիկների ժամանակավորապես արտահանման արգելքի մասին, այս պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ են եկել Հայաստան, որոնք կոնկրետ այդ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։ Դրանք, ըստ նախարարի, այն ընկերություններն են, որոնց մուտքը ՌԴ արգելված է, ու եթե դրական եզրակացություն լինի, ապա նրանց համար կբացվի արտահանման հնարավորությունը։

«Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե, չեմ բացառում, որ հայաստանյան որոշ ուժեր կան, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն: Մենք այդպիսի տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք: Բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել»,- պարզաբանեց նախարարը՝ մատնանշելով «Wildberries»-ի և «Ozon»-ի դեպքերը, որոնց խնդիրները, Պապոյանի հավաստիացմամբ, լուծվել են:

Գևորգ Պապոյանը վստահեցրեց` իրավիճակը կառավարելի է և ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ են ընթանում, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենա։

 Հիշեցնենք՝ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծաղիկների ներմուծման հարցում:

«Սկսած 2026 թվականի մայիսի 22-ից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից և Հայաստանից ծագող ծաղկային արտադրանքի ներմուծման վրա մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը»,- նշված է ընկերության տարածած հայտարարությունում: