Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով


Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով
Մայիս 15 14:12 2026

Իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Պետահ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:

 
 

Նրա խոսքով՝ միջադեպը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում։ Միևնույն ժամանակ, Չերնամորյանը կարծում է, որ տեղի ունեցածը խմբագրական սխալի հետևանք է, ոչ թե միտումնավոր սադրանք:

«Չեմ կարծում, թե սա կանխամտածված քայլ է, ավելի շուտ անփութության դրսևորում է: Նման դեպքեր նախկինում էլ են եղել: Կիրակի օրը մտադիր եմ պաշտոնական նամակ ուղարկել՝ պահանջելով ներողություն խնդրել»,- նշել է նա:

 

Չերնամորյանը հիշեցրել է Kan 11-ի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին, որը տեղի էր ունեցել 2025 թվականին: Այն ժամանակ «Եվրատեսիլի» Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել: Survivor՝ հենց այսպես ենք մեզ զգում այս երգը լսելուց հետո»:

Այդ միջադեպից հետո Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանումների պահանջով: Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ էր ստացել կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազից, որով վերջինս ներողություն էր խնդրում մեկնաբանի արտահայտությունների համար:

Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաև հրապարակային ներողությամբ: