Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»


Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»
Մայիս 15 08:15 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ հասկանալու, թե ինչ գույք, եկամուտներ ու պարտավորություններ ունի Հայաստանի ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ Գալյանը հանդիսանում է ՔՊ նախընտրական ցուցակի 6-րդ համարը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող հողամասը, որը նա ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 17-ին՝ գնման եղանակով, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող համատեղ սեփականությամբ հողամասը, որը գնվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ինչպես նաև Դիլիջանում գտնվող անհատական բնակելի տունը, որը ձեռք է բերվել 2015 թվականի օգոստոսի 12-ին։

Նախարարը հայտարարագրել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2022 թվականի սեպտեմբերի 20-ին՝ գնման եղանակով, իսկ մյուսը ստացել է նվիրատվությամբ՝ 2023 թվականի փետրվարի 3-ին։

Տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին նա գնել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսեր՝ 11 միլիոն 998 հազար 5 դրամ արժողությամբ։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամի հանձնված և վերադարձված փոխառություն «Ադրեսս» ՍՊԸ-ին, ինչպես նաև 2 միլիոն դրամ բանկային ավանդ։

Նրա բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում առկա են եղել 9 հազար 955 դրամ, 22 հազար 503 դրամ, 2 միլիոն 142 հազար 410 դրամ, 34 հազար 35 դրամ և 1 միլիոն 25 հազար 867 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2 միլիոն 900 հազար դրամ և 5300 ԱՄՆ դոլար։

2025 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 45 միլիոն 202 հազար 134 դրամ։ Այդ գումարից 760 հազար 872 դրամը նա ստացել է որպես աշխատավարձ Երևանի պետական համալսարանից, իսկ 26 միլիոն 690 հազար 752 դրամը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նա նաև հայտարարագրել է 1 միլիոն 200 հազար դրամ այլ եկամուտ՝ Պետրոս Մկրյանից։ Մյուս եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բանկային փոխառություններից։

Նախարարի վարկային պարտավորությունները 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 37 միլիոն 229 հազար 339 դրամ, որից 31 միլիոն 279 հազար 125 դրամը՝ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկ։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5 միլիոն 336 հազար 474 դրամ։

 

 

Հայտարարագրում, որպես 2 միլիոն դրամը գերազանցող միանվագ ծախս, նշվել է 11 միլիոն 998 հազար 5 դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին, երբ Սրբուհի Գալյանը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել էր 3 անշարժ գույք՝ Դիլիջանում գտնվող հողամաս և անհատական բնակելի տուն, ինչպես նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերվել 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։

2021 թվականի հայտարարագրով նա «Ադդրես» ՍՊԸ-ին տրամադրել էր 39 միլիոն 160 հազար 520 դրամի փոխառություն։ Նրա բանկային հաշիվներում եղել է 486 հազար 755 դրամ և 167 հազար 769 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ և 3000 ԱՄՆ դոլար։

2021 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 16 միլիոն 656 հազար 572 դրամ։ Այդ տարվա վերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունները կազմել են 35 միլիոն 565 հազար 518 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 4 միլիոն 785 հազար 302 դրամ։

Սրբուհի Գալյանի աշխատանքային ուղին սկսվել է 2014-2015 թվականներին՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, որտեղ աշխատել է իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան։ 2015-2018 թվականներին աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնում, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։

2018-2019 թվականներին եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտից հուլիս ամիսներին՝ նույն կառույցի իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։ 2019-2020 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020-2024 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Սրբուհի Գալյանը գիտական 4 հոդվածների հեղինակ է և մեկ ուսումնական ձեռնարկի համահեղինակ։ Բացի պետական ծառայությունից, նա երկար տարիներ զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ։ 2015 թվականից մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում, 2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում։ 2019-2020 թվականներին դասավանդել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում, իսկ 2020-2021 թվականներին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: