Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տրանսպորտային նախագծերի լիարժեք իրականացումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը անդրադարձել է ինչպես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, այնպես էլ Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման շուրջ քննարկումներին։ Նրա խոսքով՝ «Թրամփի երթուղի» նախաձեռնությանը նախորդել է երկարատև աշխատանք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործող եռակողմ խմբի շրջանակում։ Կալուգինը նշել է, որ 2023 թվականին կողմերը մոտ էին «Մեղրիի երթուղու» գործարկմանը, սակայն հետագայում Երևանը սառեցրել է եռակողմ ձևաչափի աշխատանքը։ Ռուսական կողմը նաև հիշեցրել է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված խոշոր ներդրումների մասին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացումը պահանջում է փոխկապակցված և միասնական ենթակառուցվածքային համակարգ։










