Առաջիկա օրերին կվերսկսվի հեղուկ գազի ներմուծումն Իրանից, գները կիջնեն. Գևորգ Պապոյան


Առաջիկա օրերին կվերսկսվի հեղուկ գազի ներմուծումն Իրանից, գները կիջնեն. Գևորգ Պապոյան
Մայիս 13 15:24 2026

Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։ Այս մասին Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ թեև Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայում իրականացվում են անխափան, այնտեղ գների աճ է արձանագրվել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել հայկական շուկայի վրա։

«Ռուսաստանի Դաշնությունում գներն աճել են, որը այստեղ իր ազդեցությունն է ունեցել: Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է, Հայաստանում կա հեղուկ գազ՝ բոլոր տեղերում: Հուսով եմ, որ իրանական գործոնն իր ազդեցությունը կունենա և գները կիջնեն»,- նշեց նա։

Պապոյանն այս փուլում հեղուկ գազի շուկայում վերադարձը հին գներին պակաս իրատեսական  է համարում:

Հիշեցնենք՝ ապրիլի կեսերից հեղուկ գազի գները սկսեցին բարձրանալ՝ հասնելով 280-300 դրամի, որոշ գազալցակայաններում անգամ հեղուկ գազի դեֆիցիտ էր: Շուրջ 15 օր առաջ Պապոյանը հայտարարել էր, որ Հայաստան այնքան հեղուկ գազ կմտնի, որ գներն էականորեն կնվազեն: