Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ


Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ
Մայիս 13 13:06 2026

Մայիսի 11-ին, Ժամը 23:00-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

Վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե ու այդ ընթացքում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի ոչ մի ոստիկան և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ոչ մի պարեկ չի ժամանել դեպքի վայր։

 

Կայքի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «40-50 րոպե 15-ից ավելի մարդ, հիմնականում՝ ջահելներ, իրար մորթում էին, ինչ հայհոյանքներ ասես՝ չէին տալիս։ Թե ովքեր էին՝ դա չգիտենք, քանի որ մութ էր։ Բայց 50 րոպե մարդաշատ այդ վայրում մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա լինի ու ո՛չ պարեկ, ո՛չ ոստիկան չժամանե՞ն»։

 

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս մոտ 10-ից ավելի անձինք։ 

 

Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։