Ոնց որ «թելով» հեռախոսներից ուզեք. Փաշինյանը՝ գյուղում բանկ և բանկոմատ ցանկացող քաղաքացուն


Ոնց որ «թելով» հեռախոսներից ուզեք. Փաշինյանը՝ գյուղում բանկ և բանկոմատ ցանկացող քաղաքացուն
Մայիս 13 11:06 2026

Ապարանի ամենամեծ գյուղն է, տարածաշրջանի 10 գյուղ 20 կմ գնում է Ապարան՝ բանկով գործարք անելու, մեկ բանկի մասնաճյուղ և բանկոմատ է պետք: Այս մասին Ապարանի տարածաշրջանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել է քաղաքացին:

 

«Ժողովուրդ, իրականում դրա համար պետք է հեռախոս և հավելված: Մենք հիմա թվայնացման վրա մեծ ջանք ենք ծախսում, որ հեռուստացույցի մոտ նստես, լույսդ վճարես, գազդ վճարես, հեռախոսդ վճարես, աշխատավարձդ ստանաս, բարեկամիդ փող փոխանցես, ցանկացած գործարք: Ես իմ հավելվածն եմ նայում, ինչ ասես՝ կա այս հավելվածի մեջ»,-նշել է նա:

Քաղաքացու դիտարկմանը՝ այդ դեպքում hանրապետության բոլոր բանկերը փակեք, Փաշինյանը պատասխանել է, որ փակվում են, մասնաճյուղերը գնալով քչանում են:

 

«Դա մոտավորապես գիտե՞ք ինչ է, որ ասեք՝ այն թելով հեռախոսներից ենք ուզում, ասենք՝ ինչի՞ համար, ցավներդ տանեմ, զանգեք, բջջային հեռախոս կա: Ես էլ շուտ չեմ սովորել, շատ դժվար եմ սովորել այս հավելվածին, բայց հիմա երեխեքի բուֆետի, դպրոցի փողը սրանով եմ տալիս»,-պարզաբանել է վարչապետը:

Նա ասել է, որ հավելվածն օգնում է և՛ ժամանակ, և՛ էներգիա խնայել:

«Բանկային համակարգը մասնավոր համակարգ է, որ մի բան բերում, դնում է, պետք է դրա ծախսը հանի: Հիմա թոշակառուն նույնիսկ իր թոշակը չի կանխիկացնում, ինչո՞ւ չի կանխիկացնում, որովհետև գիտի՝ անկանխիկ առևտուր, որ անի, 10,000-12,000 դրամ հետ է գալու:

Ավելի լավ է՝ թվային այս հավելվածը ներկայացնող կուրս կազմակերպենք գյուղում, որ մարդը հասկանա՝ ո՛չ բանկի կարիք կա, ո՛չ բանկոմատի: Կարող ենք ասել՝ բերեք դրեք, բայց երեք ամիս հետո հանելու է, ինչո՞ւ, որովհետև ասելու է՝ բանկոմատն ինձ վրա «նստում է» մեկ միլիոն դրամ, ես այստեղի գործարքներից ստանում եմ 500,000 դրամ, ո՞վ է տալու մնացած 500,000 դրամը: Սա է ամբողջ խնդիրը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: