Թուրքի լեզուն քաղցր է, մտքերը՝ դառը. Նարեկ Կարապետյան


Թուրքի լեզուն քաղցր է, մտքերը՝ դառը. Նարեկ Կարապետյան
Մայիս 12 21:29 2026

Այսօր Տավուշի մարզի Բերդ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենք «վերադառնալու են իրենց պատմական հողեր»՝ Հայաստան։

«Այժմ ես գտնվում եմ մի համայնքում, որտեղ այս հարցը լուծված է եղել։ Այս համայնքին ու Գորիսին ժամանակին որքան ուզել են համոզել, ճնշել, ուժ կիրառել, չի ստացվել։ Ինչու՞, որովհետև նրանց համոզածը այստեղ չի անցել ո՛չ սովետի ժամանակ, ո՛չ հիմա։ Սա պատմականորեն հայկական տարածք է»,- դիմելով տավուշցիներին՝ ասել է Նարեկ Կարապետյանը՝ Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու նախկին ու ներկա ծրագրերին անդրադառնալով։

«Դուք գիտեք՝ ոնց պահել տարածքը հայկական։ Դուք գիտեք՝ ոնց անել, որ մեր երկիրը չփոքրանա։ Սահմանը հենց այստեղով է գնում, ու հայը այստեղ մնում է։ Մի թիզ հող առանց պայքարի դուք թշնամուն չեք տվել, կանգնել եք ձեր հողի վրա,  թույլ չեք տվել, որ գան այստեղ։ Մեր երկիրը սովորելու բան ունի ձեզանից. սովորեցրեք Հայաստանի բոլոր քաղաքացիներին»,-ասել է Կարապետյանը՝ Տավուշի բնակիչներին։

Նա ընգծել է՝ եթե իշխանությունը վերարտադրվի,  ապա շատ արագ Սահմանադրությունը փոխելու են, ամրագրելու են Ալիևի պահանջը՝ Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» մասին։

«Իրենք չեն էլ թաքցնում, բայց ժամանակին դուք այդ հարցը լուծել եք։ Օգնեք, որ ամբողջ Հայաստանը այդ հարցը լուծի։ Խոսեք մարդկանց հետ, բացատրեք, որ թուրքի լեզուն քաղցր է, բայց մտքերը՝ դառը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։