Տարիների ընթացքում հնչեցրած կոշտ ու հայրենասիրական հայտարարություններից մինչև իշխանություններին ուղղված շնորհակալական խոսքեր․ Արթուր Աբրահամի դիրքորոշման փոփոխությունը քննադատության թեմա է դարձել քաղաքական և հասարակական շրջանակներում։
Բլոգեր և խմբագիր Արամ Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝
«2019-ին Արթուր Աբրահամը Ռոբերտ Քոչարյանի ծնունդն էր շնորհավորում, բանտից շուտափույթ ազատում մաղթում։
2020 թվականի հոկտեմբերի 1-ին Բեռլինում հայ համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարում էր. «Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է»։
2020 թվականի նոյեմբերի 1-ին ֆեյսբուքում ֆլեշմոբի էր մասնակցում Արթուրը, գրում էր. «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր ինձ, ես Արցախն եմ»։
2023 թվականի օգոստոսի 6-ին Արթուրն աշխարհին ու ՄԱԿ-ին կոչ էր անում բացել Լաչինի ճանապարհը։
Այսօր՝ պատերազմից, նիկոլի բերած արհավիրքից, Արցախի կորստից ու ուրացումից հետո նույն Արթուր Աբրահամը քծում է նիկոլին ու շնորհակալություն հայտնում իր անունով ինչ որ մարզահամալիրի կառուցման համար, որի դեռ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ արարողությունն է եղել այսօր։
«Ես ձեզանից աշխարհի չափ շնորհակալ եմ պարոն վարչապետ, խոսքերով չեմ կարող ասել։ Բոլորը ձեզ սիրում են, որովհետև դուք սիրում եք սենց մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում՝ չեմ ասում 100 տոկոսը, 70-80 տոկոսն այստեղ ձեզ սիրում են»,- նիկոլին քծնել է Արթուրը։
Ի՞նչ է ստացվում. մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն ա պետք, որպեսզի մոռանան Արցախը, ուրանան Արցախի բռնագաղթը, մոռացության մատնի Արցախի գոյությունը։
Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան»,- գրել է նա։










