Որպես մարդու իրավունքների պաշտպան բնականաբար չեմ կարող թույլատրելի համարել կամ գովերգել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ մանասյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ՔՊ–ական Սարիկ Մինասյանը հայհոյել էր քաղաքացիներին, իսկ արդեն այսօր ներողություն խնդրել ւիր արարքի համար։
«Այս տեսանկյունից մշտապես բոլոր դերակատարների, այդ թվում իշխող կուսակցության առումով, ես մշտապես բարձրաձայնել եմ խնդիրը։ Այո, շատ կարևոր է, որպեսզի բոլորը զերծ մնան և կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին, ընդհանրապես զերծ մնալ թե՛ ատելության խոսքի, թե՛ վիրավորանք պարունակող խոսքի, թե՛ ոչ իրավաչափ խոսքի այլ տեսակի դրսևորումներից։
Իհարկե կարևոր է, որ տարբեր դերակատարներ հասկանում են հարցի լրջությունը և ներողությամբ են հանդես գալիս, բայց ի վերջո մենք պետք է ձևավորենք միջավայր, որտեղ ընդհանրապես բոլորս զերծ կլինենք նման խոսքի դրսևորումներից և սա չի լինի սովորական պրակտիկա։










