Հայաստանի ապագան չի կարող որոշվել արտաքին ուժերի կամ կենտրոնների ազդեցությամբ, այլ միայն ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, «Միասնության թևեր» կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Հայաստանի ընտրությունները չեն կարող լինել օտար շահերի համար հանրաքվե», - ասաց Թաթոյանը՝ ընդգծելով, որ արտաքին միջամտությունները վտանգում են երկրի ինքնիշխանությունը և պետական կայունությունը։
Թաթոյանի խոսքով՝ Հայաստանը պետք է դուրս գա «կա՛մ-կա՛մ»-ի տրամաբանությունից՝ «կա՛մ Ռուսաստան, կա՛մ Արևմուտք» ընկալումից, և շարժվի սեփական ազգային շահերով պայմանավորված քաղաքականությամբ։
«35 տարի մեզ ստիպել են ընտրել կա՛մ կոռուպցիոներներ, կա՛մ անկարողներ, կա՛մ օլիգարխներ, կա՛մ թույլեր, կա՛մ Ռուսաստան, կա՛մ Արևմուտք, կա՛մ անվտանգություն, կա՛մ ժողովրդավարություն։ Մենք ասում ենք՝ բավական է «կա՛մ-կա՛մ»-ին, ժամանակն է սովորել ասել՝ «և՛- և՛», և՛ անվտանգություն, և՛ ժողովրդավարություն, և՛ ուժեղ բանակ, և՛ ազատ տնտեսություն, և՛ ազգային արժանապատվություն, և՛ ժամանակակից պետություն, և՛ սփյուռքի հետ կապեր, և՛ ինքնուրույնություն։ Սա ուտոպիա չէ, սա է խելացի որոշումների ճանապարհը, սա է արդար որոշումների ճանապարհը»,-ասաց Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ երկրի ուժը պետք է հիմնված լինի կայուն ինստիտուտների, ուժեղ բանակի և օրենքի գերակայության վրա՝ ասելով․ «Մեզ պետք է ոչ թե անհատների պետություն, այլ՝ իրավունքի պետություն»։
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ վերջին տարիների փորձությունները պետք է դառնան դաս և պետությունը պետք է կարողանա պաշտպանել իր քաղաքացիներին և ազգային շահերը։
«Միանշանակ է հետևությունը՝ Հայաստանում չկա որևէ խնդիր, որ մենք բոլորով միասին չկարողանանք լուծել։ Մեզ պետք է երկիր, որն արդար է, որում որևէ քաղաքացի ծայրահեղ արդար աղքատության մեջ չի ապրում, որտեղ պետությունը ոչ թե արտոնություններ բաժանելու կամ լավ կյանքով ապրելու միջոց է, այլ՝ մարդուն ծառայելու, հանուն հարատև ազգային պետության նվիրական առաքելություն, որտեղ սերունդներն ունեն պատասխանատվություն իրար նկատմամբ»։










