«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով այցելել էին Արտաշատ, որտեղ Օգոստոսի 23 փողոցի 43 հասցեում տեղի ունեցավ կուսակցության մարզային գրասենյակի բացումը։
Բացման արարողությանը ներկա էր կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, ով իր ելույթը սկսեց Արտաշատի՝ որպես Հայաստանի պատմական մայրաքաղաքի նշանակության հիշատակմամբ՝ ընդգծելով, որ արտաշատցիներին անհնար է վախեցնել։
Խոսելով Արարատի մարզում առկա խնդիրների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ վերջին ութ տարիներին մարզում հանցագործությունների քանակն աճել է շուրջ երեք անգամ, իսկ ծանր հանցագործություններինը՝ մոտ տասն անգամ։ «Ընդդիմությո՞ւնն է այն խնդիրը, որով պետք է զբաղվել, թե՞ հանցագործությունները։ Թե՞ այն, որ երկիրը ձեռքից գնում է։ Խնդիրը երկրի ճիշտ կառավարումն է։
Բոլոր ցանքատարածությունները կրճատվել են 35%-ով՝ բացառությամբ խաղողի և ծիրանի։ Վերջին ութ տարիներին ցորենի ցանքատարածությունները երկու անգամ նվազել են։ Առևտուրը 2024 թվականի համեմատ նվազել է, մարզը թուլանում է։ Մարզում 9000 հեկտար հող ջրի և մթերման պակասի պատճառով չի մշակվում, այգիներ չեն հիմնվում։
Մենք փոփոխություն ենք բերում մարզի համար, որպեսզի Հայաստանի ամենաբերրի մարզերում՝ Արմավիրում և Արարատում, Արարատյան հովտում, չլինի գեթ մեկ հեկտար, մեկ մետր հող, որը բերք չտա, չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Բերքը վաճառելու ենք հյուսիսում, հարավում՝ բոլոր ուղղություններով։
Արարատյան դաշտը Հայաստանի ամենահարուստ հատվածն է։ Ինչպե՞ս կարող է 21-րդ դարում, աշխարհի ջրային ռեսուրսներով հարուստ երկրում, որի հին անունը Նաիրի է՝ «գետերի երկիր», որտեղ մենք օգտագործում ենք ջրի ընդամենը 5 տոկոսը, գյուղացին ջրի խնդիր ունենալ։
Ինչպե՞ս կարող է այս տարածաշրջանը՝ ամենաբերրի տարածաշրջանը, բերքը վաճառելու խնդիր ունենալ։ Սա կառավարման արդյունք է։ Պետք է կառավարիչ, որը «ռիլեր» չի անում, չի գնում տարբեր տոնակատարությունների, այլ նստում է ու գործ անում։ Դա է կարևոր՝ գործ անելը։
Խնդիրը մեր երկրում փոփոխություն բերելն ու այն վերակառուցելն է»,– նշել է Նարեկ Կարապետյանը։
Ելույթից հետո, բազմաթիվ արտաշատցիների ներկայությամբ, տեղի ունեցավ գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը։ Այնուհետև կուսակցության անդամները շրջեցին գրասենյակում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։
Բացման ավարտից հետո կազմակերպվեց քայլերթ Արտաշատի փողոցներով, որի ընթացքում կուսակցության անդամները շփվեցին քաղաքի բնակիչների հետ։










