Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Մ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։










