Գորիսի ԲԿ-ի մամուլի խոսնակ Արև Աբելյանն ահազանգում է.
«Երեկ շան կծածի հետևանքով Գորիսի ԲԿ բերված 9-ամյա երեխային երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել։ Շունը հարձակվել էր ու մեջքից կծել նրան։
Համոզված եմ՝ երեխայի լացը միայն ֆիզիկական ցավից չէր. դա նաև վախի, սթրեսի և ծանր հոգեբանական ապրումների հետևանք էր։
Ցավալի իրականություն է, բայց գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում ԲԿ։ Լինում են օրեր, երբ արձանագրվում է 2–3 նման դեպք։
Գորիս քաղաքում և ընդհանրապես Սյունիքի մարզում թափառող շների խնդիրը շարունակում է մնալ չլուծված և դարձել է իրական վտանգ՝ հատկապես երեխաների համար։ Տարիներ շարունակ այս հարցը չի ստանում համակարգային լուծում»։
Նա դիմում է քաղաքապետին, սյունեցի պատգամավորին՝ խնդրին համակարգային ու ամբողջական լուծում տալու համար։
«Հ.Գ. Կրկին հորդորում եմ շնասերներին չդարձնել այս հարցը զգացմունքային հակադրության թեմա։ Եթե սիրում եք կենդանիներին՝ հոգ տարեք նրանց մասին։ Առաջարկս նույնն է. տարեք պահեք ձեր տներում։ Իսկ երեխաներին ու առհասարակ բոլորին հեռու պահեք տրավմաներից ու սթրեսներից ու միևնույն ժամանակ ապահովեք մարդկանց անվտանգությունը։
Մեր հասարակության ամենաբարձր արժեքը մարդն է, և մենք պարտավոր ենք պաշտպանել նրան՝ հատկապես երեխաներին»,-նշում է նա։










