Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները՝ պետի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել և հավանաբար կուտակված գազերի պատճառով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը ինչպես նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։










