Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ


Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ
Ապրիլ 18 15:31 2026

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ, տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։

 

Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին՝ այդ առնչությամբ հայտնելով իր մտահոգությունները։ Նշվում է, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն և համերաշխություն կվերահաստատվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։  

 

Պոլսո հայոց պատրիարքը նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքը ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, որը հույս պիտի ներշնչի տարածաշրջանի ժողովուրդների համերաշխ գոյատևման և միասնական զարգացման առումով։

 

Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ։

 

Հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ, որը կայացել է պատրիարքարանի դահլիճում։