ՊՆ-ն հերքում է քպ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները, թե զինվորները շաբաթը մի անգամ են լողանում


ՊՆ-ն հերքում է քպ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները, թե զինվորները շաբաթը մի անգամ են լողանում
Ապրիլ 7 17:30 2026

Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է, նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Հավելենք, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:

2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում՝ ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է՝ յուրաքանչյուր տարի 8-13 %, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվաքանակը:

Հաջորդիվ պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին: 

Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %: 

Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ:

Նաև հայտարարում ենք, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է»,-նշված է հաղորդագրության մեջ։