ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների կիրառումը


ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների կիրառումը
Ապրիլ 7 11:50 2026

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։

Պատգամավորները շրջանառվող նախագծով առաջարկում են սահմանել, որ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրագրում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր։ Գործող կարգավորմամբ՝ ծրարում այլ իրի առկայության դեպքում քվեաթերթիկն անվավեր չի համարվում։

Պատգամավորներն առաջարկում են նաև սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Նաև առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։  

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելուց և ծրարից քվեաթերթիկը հանելու ընթացքում ձեռքում այլ իր չպետք է ունենա։

Առաջարկվող փոփոխությունների հիմնավորումը

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ընտրական գործընթացներում գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումն ապահովելու, ինչպես նաև դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու և ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 7-ին ՀՕ-202-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանվեց, որ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր: 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-505-Ն օրենքով կատարված փոփոխություններով քվեաթերթիկը անվավեր ճանաչելու հիմքերից հանվեց քվեաթերթիկից բացի ծրարում այլ իր առկա լինելու վերաբերյալ դրույթը, որը գործնականում կարող է բերել ընտրողի գաղտնի քվեարկության իրավունքի խախտմանը: Օրինակ՝ կարող է առաջանալ իրավիճակ, երբ ընտրակաշառք ստացողից կարող են պահանջել իրեն բացահայտող որևէ թղթի կտոր դնել ծրարի մեջ՝ օրինակ՝ հերթական համարով, որը հայտնի է միայն վճարողին: Բացի այդ, ծրարում սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի ցանկացած այլ իրի առկայության վերաբերյալ դրույթը որպես քվեաթերթիկը անվավեր ճանաչելու հիմք նախատեսելը կարող է հանդիսանալ որպես ընտրակաշառք ստացածների վերահսկողության գործիքներից մեկը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծով առաջարկվել էր, ի թիվս այլնի, փոփոխություն կատարել Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում՝ հանելով դրա երկրորդ նախադասությունը:

Նշված փոփոխության նպատակը եղել է բացառապես Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված այն պահանջի վերացումը, ըստ որի՝ կուսակցությունների դաշինքի անվանման ներքո փակագծերում պետք է նշվեն դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները: Այդ պահանջը կրում է զուտ տեխնիկական բնույթ և վերաբերում է միայն տեղեկատվության ներկայացման ձևաչափին, այլ ոչ թե ընտրական իրավունքի իրացման բովանդակային պայմաններին:

Սակայն, նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկման ընթացքում կատարված խմբագրական փոփոխությունների արդյունքում նախագծի վերջնական տարբերակում օգտագործվել է «պարբերություն» եզրույթը՝ «նախադասություն» բառի փոխարեն: Արդյունքում, գործող խմբագրությամբ ստացվել է, որ ուժը կորցրած է ճանաչվել ոչ թե 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, այլ դրա երկրորդ պարբերությունը:

Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր, ինչպես նաև չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ: Միաժամանակ, Օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու անդամի թեկնածուների առաջադրման դեպքում, նախատեսված է նույնաբովանդակ կարգավորում: Ընդ որում, Օրենսգրքում նախորդ փոփոխությունների ընթացքում այդ դրույթները ներդրվել են միասնական հիմնավորմամբ և նույն նպատակներով: Հետևաբար, եթե առկա լիներ քաղաքական կամ իրավական նպատակադրություն վերացնելու տվյալ սահմանափակումները, անհրաժեշտ կլիներ համապատասխան փոփոխություններ կատարել նաև Օրենսգրքի 129-րդ հոդվածում, ինչպես նաև հարակից իրավական ակտերում: Այդպիսի փոփոխություններ, սակայն, չեն առաջարկվել, և նման քաղաքականության կամ իրավական մոտեցման վերաբերյալ որևէ քննարկում չի իրականացվել:

Նշված սահմանափակումները կրում են բովանդակային և սկզբունքային նշանակություն: Դրանք նաև համահունչ են քաղաքական կուսակցությունների անվանման նկատմամբ գործող սահմանափակումներին, որոնք սահմանված են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով: Այս հանգամանքը ևս վկայում է համապատասխան կարգավորումների պահպանման համակարգային անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով, որ կուսակցությունների դաշինքները հանդիսանում են նույն քաղաքական սուբյեկտների համագործակցության ձև, որոնք իրենց գործունեությամբ և նպատակներով ներգրավված են նույն քաղաքական-իրավական հարաբերություններում, տրամաբանական և իրավաչափ է, որ նրանց անվանման նկատմամբ կիրառվեն նույնատիպ սահմանափակումներ: Այս առումով Օրենսգրքի համապատասխան դրույթները չեն հանդիսանում ինքնուրույն կամ առանձնացված կարգավորումներ, այլ ներդաշնակորեն լրացնում են արդեն իսկ գործող սահմանադրական օրենքի պահանջները՝ ապահովելով իրավակարգավորման համակարգայնությունը:

Ավելին, նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, ինչպես նաև Ազգային ժողովում դրա քննարկումների ընթացքում, որևէ կերպ չի նշվել, որ նախատեսվում է վերացնել կուսակցությունների դաշինքների անվանման նկատմամբ գործող սահմանափակումները: Ընդհակառակը, քննարկումների ամբողջ տրամաբանությունից ակնհայտ է, որ նպատակ է հետապնդվել բացառապես տեխնիկական բնույթի դրույթի վերացումը:

Ուստի, Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության ուժը կորցրած ճանաչումը պետք է գնահատել որպես տեխնիկական վրիպակ, որը անհրաժեշտ է շտկել՝ իրավական սահմանված ընթացակարգով: