ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է․
Իշխանությունների հակահայկական արշավը նոր թափ է հավաքում։ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել այն բանից հետո, երբ բարձրացվել է Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» հեռացնելու հարցը։
Այս մասին նա անձամբ հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ։
Սմբատյանի խոսքով՝ իր պաշտոնը կորցնելը չափազանց փոքր գին է այն արժեքների համեմատ, որոնց ինքը հավատում և տարիներ շարունակ ծառայել է։ Նա ընդգծել է, որ չի կարող լռել, երբ վտանգվում են աշակերտների հայրենասիրական և հոգևոր դաստիարակության հիմքերը։ Դիմելով մարզպետին՝ նշել է, որ հնարավոր է իրեն զրկել զբաղեցրած պաշտոնից, սակայն անհնար է իր սրտից հեռացնել հայրենիքի հանդեպ սերը։
Նշվում է, որ այդ դրոշը Սարդարապատի դպրոց էր ուղարկվել Արցախի Հադրութի շրջանից՝ որպես երախտագիտության խորհրդանիշ։ Այն փոխանցվել էր այն բանի համար, որ դպրոցի աշակերտները թե՛ Ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցություն էին ցուցաբերել՝ քաղցրավենիք ուղարկելով Հադրութում ծառայող զինվորներին։
Ի՞նչ է լինելու իշխանությունների հաջորդ քայլը։
Քրեական գործե՞ր՝ «Արցախ» բառը արտաբերելու համար։
Աշխատանքից հեռացո՞ւմ՝ Հայոց ցեղասպանություն, Արցախյան Ազատագրական պատերազմ, Սումգայիթի ջարդեր, Մարաղայի կոտորած, Արևմտյան Հայաստան, Բերձորի շրջափակում, Ստեփանակերտի ռմբակոծություն և այլ արտահայտությունները օգտագործելու դեպքում։
Եթե սա «խաղաղության» գինն է, ապա սա խաղաղություն չէ։ Սա Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման և այն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ուղիղ ցուցիչն է։
ՀԳ
Իսկ քանի՞ դպրոցներում արդեն հեռացվել են Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»։










