Եկեղեցին «բարենորոգողը». տիրադավներին միացած քահանան խախտել է կարգն ու Ավագ շաբաթվա ընթացքում պսակադրության արարողություն կատարել


Եկեղեցին «բարենորոգողը». տիրադավներին միացած քահանան խախտել է կարգն ու Ավագ շաբաթվա ընթացքում պսակադրության արարողություն կատարել
Ապրիլ 3 13:01 2026

Եկեղեցու դեմ արշավ հայտարարած տիրադավներին միացած Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը որոշել է տարբերվել բոլոր մյուս հոգևորականներից ու Ավագ շաբաթվա ընթացքում պսակադրության արարողություն կատարել, ինչը Հայ առաքելական սուրբ եկեղեցին արգելում է։

Եկեղեցին հորդորում է Մեծ Պահքի ընթացքում չկատարել պսակադրություն, քանի որ Պահքը ինքնահայեցողության ու զուսպ ապրելու շրջան է։ Պսակադրությունը կարող է կատարվել հիմնավոր պատճառներով, այդ դեպքում եկեղեցին ընդառաջում է պսակադրվող զույգին, բայց Մեծ պահքի Ավագ շաբաթվա ընթացքում խստիվ արգելվում է պսակադրություն կատարել։

Կարգը խախտած Տեր Բարդուղիմեոսից Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ՝ ի՞նչն է այդքան նրան դրդել, որ Ավագ շաբաթվա ընթացքում որոշել է պսակադրություն կատարել, նա միանգամից գուշակեց, թե ինչ հարցով ենք իրեն զանգահարել, ասաց, թե չի կարող խոսել, արարողության է պատրաստվում։

«Հեռախոսով զանգել եք, ուզում եք հարցազրուց տամ, հարցազրույցի համար գալիս են, խոսում են, կամ տաղավարում են անում»,- ասաց նա։

Երբ հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն եք գալ ու տաղավարում խոսել, որ Ավագ շաբաթվա ընթացքում կարգ եք խախտել՝ նա հայտարարեց. «Իմ արածի մասին մեր տեղեկատվական բաժինը հայտարարություն կտարածի»։

Դեռ երեկվանից Aysor.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Արարատյան Հայրապետական թեմից, թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը խնդրեց սպասել, երեկոյան կտա մեկնաբանություն, բայց այդպես էլ որևէ արձագանք չստացանք, այսօր ևս դիմեցինք նրան, կրկին խնդրեց սպասել մինչև երեկո։

Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ քահանան կարգ է խախտում՝ Մայր Աթոռի տեղեկատավական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանն ասաց, որ այս թեմայով հատուկ մեկնաբանություն չունեն։

Մայր Աթոռում սպասավորող քահանաներից Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներն առաջնորդվում են Վազգեն Առաջինի սահմանած կանոնով, որ գոնե Ավագ շաբաթվա ընթացքում՝ Ծաղկազարդից մինչև Զատիկ հրաժարվեն պսակ օրհնելուց։

«Միջնադարում, երբ կարելի է ասել, որ ամբողջ ժողովուրդը եկեղեցու մեջ էր ու կարգ ու կանոնը գործում էր, Պահքի ու տերունական բոլոր օրերին արգելվում էր պսակ օրհնել, որովհետև Պահքի օրերը ժուժկալության օրեր էին՝ զսպվածության օրեր էին ու չէր թույլատրվում պսակ կատարել, չէր թույլատրվում նաև տերունական օրերին։ Ժողովուրդը մյուս օրերին էր պսակ անում, հնազանդվում էին եկեղեցու կարգուկանոնին, ամեն ինչ, սակայն, փոխվեց սոցիալիստական հեղափոխությունից հետո և եկեղեցին արդեն առանձնացվեց պետությունից, եկեղեցու հոգևորականներից շատերը սպանվեցին, հալածվեցին, աքսորվեցին, արգելվեց շատ վանքերի ու եկեղեցիների գործունեությունն ու այս կանոնները, բնականաբար, ինչ-որ իմաստով սկսեցին չկատարվել, ժողովրդի մեծ մասն էլ, ցավոք, անհավատություն ընդունեց ու հեռացավ եկեղեցուց, բայց, ամեն դեպքում, եկեղեցու կարգուկանոնի մեջ մնացողներ եղան ու նրանք փորձում էին հավատարիմ մնալ նախկին ավանդույթներին ու կարգուկանոնին։

Տատանվող վիճակ սկսվեց, ոմանք պահում էին, ոմանք արգելում էին, ոմանք՝ չէ, ի վերջո, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եկեղեցին սկսեց շատ թե քիչ կանոնակարգվել, համենայնդեպս, Վազգեն Առաջինն իր գործունեության 39 տարիների ընթացքում կարգ սահմանեց, որ գոնե Ավագ շաբաթվա ընթացքում պսակ չօրհնվի»,- նշեց Տեր Հայրը։

Տեր Մինասի խոսքով՝ եթե ինչ-որ քահանա դեմ է գնում այդ կանոնին, խախտում է կարգը։

«Ի՞նչ կարիք կա մարդկանց հաճո լինելու համար կարգը խախտել, սա Քրիստոսի չարչարանքների շաբաթն է, ո՞նց կարելի է այս մտածումների, խոհերի, ինչ-որ իմաստով Տիրոջը  չարչարանակից լինելու փոխարեն դնել ու խախտում անել։ Ես, իհարկե, որևէ մեկին մեղադրելու նպատակ չունեմ, բայց պետք է պահել ընդունված կարգը»,-նշեց Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը։

Տեր Մինասը չի կարող ասել՝ արդյո՞ք սա կարող է կարգալուծության համար հիմք հանդիսանալ, դա Վեհափառ Հայրապետի խնդիրն է, գուցե, օրինակ, նկատողություն հայտարարեն, կամ հորդորեն այլևս նման քայլի չգնալ։