Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ կիրակի օրը բացի Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից ու ազատամարտիկ Գևորգ Գևորգյանից, ևս մեկ երիտասարդ է ձերբակալվել։
Երիտասարդը, ում անունը նույնպես Միքայել է, ձերբակալվել է Էրեբունի համայնքից։ Երիտասարդն աղբ թափելիս է եղել, երբ նկատել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, թքել է Փաշինյանին սպասարկող մեքենայի վրա։ Նա 48 ժամ անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել։
«Մեր երեխեքը վատ օրինակ են վերցնում Ալեն Սիմոնյանից», - ֆեյսբուքյան եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Երեխե՛ք, Ալեն Սիմոնյանից օրինակ մի վերցրեք»,-ասաց Մելիքյանը։
Փաստաբանն ասաց, թե դատախազը երիտասարդ Միքայելի արարքը որակել է որպես խուլիգանություն.
«Խուլիգանություն է որակվել ոչ միայն թքելու փաստը, այլ նաև այն, որ երիտասարդն ասել է, թե «թուրքը ծախել է մեր հողերը»»։
«Սա նաև Ալեն Սիմոնյանի մեղադրանքն է։ Ի՞նչ է, Ալեն Սիմոնյանի արարքը խուլիգանություն չէր, իսկ երիտասարդի արարքը խուլիգանությո՞ւն է»,-նկատեց Մելիքյանը։










