Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ


Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ
Մարտ 31 12:56 2026

Ինչպես նախապես կանխատեսել էր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ մարտի 27-ից Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։

Դրա առավել ինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27–28-ին, սակայն տեղումները շարունակվել են նաև հաջորդ օրերին՝ ընդգրկելով գրեթե ողջ երկրի տարածքը։

«Տեղումների բնույթը տարբեր է եղել՝ կախված տեղանքի բարձրությունից․ լեռնային շրջաններում հիմնականում տեղացել է ձյուն և ձնախառն անձրև, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև։ Մի շարք հատվածներում տեղումները եղել են բավականին ինտենսիվ։

Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մարտի 27-ին Կապանում մեկ օրում տեղացել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի շուրջ 75 տոկոսը․ այսինքն՝ գրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրում։ Մարզի մյուս բնակավայրերում նույն օրը գրանցվել է 15–32 մմ տեղում։

Ընդհանուր առմամբ, մարտի 27–30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ։ Երևանում արձանագրվել է 19–22 մմ տեղում։ Հատկանշական է, որ մարտի 30-ի առավոտյան ընդամենը մեկ ժամում (07։30–08։30) մայրաքաղաքում տեղացել է 8–9 մմ անձրև, ինչը համարվում է հորդառատ։

Այս օրերի եղանակային պատկերը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արագ և ինտենսիվ կարող են դրսևորվել կլիմայական գործընթացները մեր տարածաշրջանում»,- նշել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։