Մինչ Անահիտ Ավանեսյանը ավետում է բժիշկների աշխատավարձի աննախադեպ՝ 30-40 տոկոսից մինչև 100 տոկոս աճի մասին, իր այդ գրառման տակ բազմաթիվ բժիկներ ահազանգում են հակառակի մասին։
Ամենից հաճախ նշվում է պոլիկլինիկաների կանանց կոնսուլտացիաների բժիշկների աշխատավարձի նվազման մասին։
Մասնավորապես՝ ասվում է, որ կանանց կոնսուլտացիաների մանկաբարձ-գինեկոլոգների աշխատավարձերը պակասել են 32000-38000 դրամով, բոնուսները ևս կրճատվել են, իսկ աշխատանքի ծանրաբեռնվածությունը ավելացել է։
Գրառումներից մեկում նշվում է, որ ոչ մի մանկական նեղ մասնագետի աշխատավարձը չի ավելացել, այն կազմել է 22․900 դրամ, դրա հետ մեկտեղ իրենց ստիպում են խորհրդատվություն չձևակերպել, այլ գրանցել այց, որից բժիշկը ստանում է ընդամենը 240 դրամ։
Մյուս օգտատերը նշում է, որ պոլիկլինիկայում աշխատող վիրաբույժը 2025-ին ստացել է 91551 դրամ աշխատավարձ, իսկ 2026 թվականի փետրվար ամսվա աշխատավարձը կազմել է 43903 դրամ։ «Դա 50 տոկոս բարձրացո՞ւմ է», - գրել է նա։
«Հարգելի տիկին Անահիտ Ավանեսյան, ԱԱՊ-ի բուժաշխատողների եռամսյակային և կիսամյակային բոնուսային վարձատրության կիճատումից հետո ինչպե՞ս կարող է աշխատավարձը ավելանալ», - հարցնում է մեկ այլ օգտատեր։
Ուշագրավ է ևս մեկ գրառում․ «Հարգարժան Ավանեսյան, Ձեր կողմից հնչեցված հրահանգները բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ մնում են անկատար, ե՞րբ կյանքի կկոչվեն դրանք»։ Այս գրառումից պարզ չէ՝ գրողը հեգնո՞ւմ է, թե՞ իսկապես մտածում է, որ նախարարը հրահանգել է, իսկ ինչ-որ միջին օղակում իր աշխատավարձը չարամտորեն որոշել են չտալ։
Օգտատերերից մեկն էլ առաջարկել է բժիշկներին անցած տարվա միջին աշխատավարձի թիվը և այս տարվա հունվար և փետրվար ամիսների աշխատավարձի թվերը նկարել և դնել մեկնաբանություններում։










