9 անշարժ գույք, 50 մլն դրամից ավելի վաճառք. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինտեսչության ղեկավարը. «Ժողովուրդ»


9 անշարժ գույք, 50 մլն դրամից ավելի վաճառք. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինտեսչության ղեկավարը. «Ժողովուրդ»
Մարտ 30 08:19 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։ Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի 2024 թվականի հայտարարագիրը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ։

Նշենք, որ Գարեգին Խաչատրյանը տվյալ պաշտոնին նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Խաչատրյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2005 թվականին Երևանի քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանության և շահագործման» ՓԲԸ-ում՝ ինժեներ-մասնագետից։ Այնուհետև աշխատել է աշխատակազմում՝ որպես գործավար, ապա անցել է անշարժ գույքի կառավարման համակարգ, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ մասնագետից մինչև բաժնի պետ։

2014 թվականին դարձել է շենքերի և շինությունների հաշվառման բաժնի պետ, 2019-ին՝ արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ, 2020-ին՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ։
2022 թվականի հոկտեմբերի 5-ին նշանակվել է տեսչական մարմնի ղեկավար։

9 միավոր անշարժ գույք Երևանում և Արագածոտնի մարզում

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց հայտարարագիրը և պարզեց, որ Խաչատրյանը հայտարարագրել է 9 միավոր անշարժ գույք, որոնք ներառում են տարբեր տեսակների ակտիվներ Երևանում և Արագածոտնի մարզում։

Մասնավորապես՝
• հողին ամրակայված այլ անշարժ գույք՝ Երևանում (բաժնային՝ 1/6, ձեռք բերված 07/02/2023)։
• հասարակական նշանակության շինություն՝ Երևանում (բաժնային՝ 1/6, 07/02/2023)։
• անհատական բնակելի տուն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (բաժնային՝ 1/6, 07/02/2023)։
• 5 հողամաս Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում (բոլորը ձեռք բերված 29/12/2014-ին, միանձնյա սեփականություն)։• բնակարան Երևանում (բաժնային՝ 1/2, ձեռք բերված նվիրատվությամբ՝ 25/12/2014)։

Միևնույն ժամանակ հավելենք, որ 2024 թվականին պաշտոնյան օտարել է Երևանի բնակարաններից մեկը՝ 50,750,000 դրամով։

Պաշտոնյան ունի 2017 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա (ձեռք բերված՝ 03/05/2022)։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև ֆինանսական տվյալները և պարզեց, որ հաշվետու տարվա վերջում պաշտոնյայի՝
• բանկային հաշիվներին եղել է 4,888,051 դրամ։
• կանխիկ՝ 4,000,000 դրամ։

68,117,852 դրամ եկամուտ

2024 թվականի ընթացքում Խաչատրյանի ընդհանուր եկամուտը կազմել է 68,117,852 դրամ, որից՝
• գույքի վաճառքից՝ 50,750,000 դրամ (գնորդ՝ Անդրեաս Արամայիսի Մելտոնյան)։
• աշխատավարձ՝ 14,910,756 դրամ։
• եկամտային հարկի վերադարձ՝ 2,457,096 դրամ։

Ինչ վերաբերում է վարկային պարտավորություններին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետու տարվա վերջում Խաչատրյանն ունեցել է 92,595.56 ԱՄՆ դոլար վարկային պարտավորություն, որի առարկան հանդիսանում է բնակարան՝ հիպոտեկային եղանակով ձեռք բերված։

Ինչ ունեցվածք ուներ Խաչատրյանը պաշտոնը ստանձնելու պահին

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պաշտոնը ստանձնելու պահին Խաչատրյանի կողմից ներկայացված հայտարարագիրը և պարզեց, որ նա ունեցել է՝
• բանկային հաշիվներում՝ 22,260 դրամ, 1,000,000 դրամ և 2,000 դոլար։
• կանխիկ՝ 3,000,000 դրամ և 9,000,000 դրամ։
• ստացած վարկ՝ 70,000 դոլար («Յունիբանկ»), ինչպես նաև այլ փոխառություններ՝ 1,000,000 դրամ և 2,000 դոլար։
• գույքի վաճառքից եկամուտներ՝ 9,000,000 դրամ և 15,000,000 դրամ։
• աշխատավարձ՝ Երևանի քաղաքապետարանից 5,001,051 դրամ, և տեսչական մարմնից՝ 413,172 դրամ։
• ընդհանուր եկամուտ՝ 59,844,425 դրամ։
• վարկային մնացորդ՝ 69,949.5 դոլար (հիպոտեկ)։

Նա նաև հանդիսացել է «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ տնօրեն։

Խնդրահարույց հարցադրումներ

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Խաչատրյանի հայտարարագրում առկա են զգալի գույքային ակտիվներ և մեծ ֆինանսական հոսքեր, որոնք առաջացնում են լրացուցիչ հարցադրումներ դրանց ծագման և համադրելիության վերաբերյալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: