Կարող ենք մտնել եկեղեցի խաղաղության խնդրանքով, բայց դուրս գալ կոնֆլիկտ ու խռովություն ստեղծել


Կարող ենք մտնել եկեղեցի խաղաղության խնդրանքով, բայց դուրս գալ կոնֆլիկտ ու խռովություն ստեղծել
Մարտ 28 19:17 2026

Այսօր Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Մասյացոտնի թեմի հոգևորականների մասնակցությամբ, կատարվել է Մեծ Պահքի վերջին միասնական ժամերգությունը։

Մասյացոտնի թեմից հայտնում են, որ հավարտ ժամերգության՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ամփոփել է Մեծ Պահքի խորհրդածությունները և անդրադարձել Ավագ Շաբաթվա խորհրդին՝ մասնավորապես նշելով․

«Իտալացի մի երգիչ մարդուն բնորոշում է որպես երկրի ցեխի և երկնքի մաքրության խառնակույտ՝ կենտրոնը հակասական զգացմունքների, որոնք հատկապես ի հայտ են գալիս ճգնաժամային պահերին։ Փորձության ժամին մեր դիմակները ընկնում են, և մենք երևում ենք այնպիսին, ինչպիսին կանք։

Ավագ շաբաթն իր հակասություններով մեզ հրավիրում է ինքնաճանաչողության։ Ծաղկազարդին մենք տեսնում ենք այն քաղաքը, որը Հիսուսին դիմավորում է «Օվսաննաներով», բայց մի քանի օր անց նույն քաղաքը գոչում է՝ «Խա՛չը հանիր նրան»։ Տեսնում ենք Պետրոսին, որը պատրաստ էր մեռնել իր Ուսուցչի համար, բայց տապալվում է մի պարզ աղախնի հարցադրումից։ Այս հակասությունները մեր հակասություններն են։

Մենք կարող ենք մտնել եկեղեցի խաղաղության խնդրանքով, բայց դուրս գալ և մեր կյանքում կոնֆլիկտ ու խռովություն ստեղծել։ Ապրել արդարության փնտրտուքով, բայց անարդար վարմունքով ու խոսքերով վնասել ուրիշներին։ Ճշմարտություն որոնել, բայց հետո սուտը և կեղծիքը իշխող դարձնել մեր ընտանիքում, շրջապատում ու գործերի մեջ։

Ավագ շաբաթը հրավիրում է մեզ ընդունելու, որ մենք այսպիսին ենք, այլապես մեզնից կերտում ենք միայն «արդարի կերպար»։ Եթե սա չընդունենք, ապա Հիսուս մեր կյանքում կմարմնանա ոչ թե իրական, այլ երևութական կերպով։ Յուրաքանչյուրիս կյանքում Հիսուս մարդեղանում է, բայց հարցն այն է՝ մարդեղանում է իրակա՞ն, թե՞ երևութական։ Սա երևում է հատկապես Խաչի տեսարանի առջև։

Ավագ շաբաթը սկիզբ է առնում Ծաղկազարդի հաղթական մուտքով և եզրափակվում Հարության փառահեղ հաղթանակով: Այս երկու հանգրվանների միջև ընկած հատվածը տառապանքի, խաչի և թվացյալ պարտության ճանապարհն է: Խաչի տեսարանը բացարձակ ջրբաժան է. այն ծնվում է աշխարհի ատելությունից, բայց սնվում Աստծո անսահման սիրուց: Ինչպես ձևակերպում է Պողոս առաքյալը՝ խաչի խորհուրդը փրկվողների համար Աստծո զորությունն է, իսկ կորստյան մատնվածների համար՝ հիմարություն և գայթակղություն․․․»: