Մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ։
Ահազանգերի նշված վայրերում աշխատանքներ են իրականացրել Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև համայնքապետարանների կոմունալ ծառայության աշխատակիցները․ վնասներ և տուժածներ չկան։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։
Սյունիքի մարզում ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին քարաթափումների վերաբերյալ, ինչի հետևանքով ճանապարհները դարձել են միակողմանի երթևեկելի, նաև սահմանափակվել է երթևեկությունը։ Փրկարարները սահմանված կարգով օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։
Փրկարարները համագործակցել են նաև Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ՝ իրականացնելով քարերի հեռացման աշխատանքներ։
«Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշում են փրկարար ծառայությունից։










