Հաշվառումներին վերաբերող քննարկումները, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ, այդ թվում ՏԻՄ ընտրություններից։ Համապետական ընտրություններից առաջ այն ավելի զանգվածային բնույթ է կրում, ինչը բնական է։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունի ի պատասխան մամուլում այսօր առկա այն հրապարակումների, որ ոստիկանության աշխատակիցները զանգում են քաղաքացիներին։
«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Համայնքային ոստիկանության կողմից մանրամասն ստուգվում են բոլոր ահազանգերը։ Չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն ոչ իրավաչափ հաշվառում չի հայտնաբերվում, պարզաբանումների կարիք լինում է։ Իրավիճակները, երբ անձը պնդում է, որ իր հասցեով հաշվառված անձին կամ անձանց չի ճանաչում հիմնականում տարիներ առաջ կատարված և պահպանված հաշվառումներ են լինում․ երբեմն բնակելի տարածքի առուվաճառքից հետո պահպանված հաշվառումներ են, երբեմն՝ այնպիսի վարձակալների կողմից իրականացված հաշվառումներ, որոնք բնակարանը վարձած են եղել տարիներ առաջ, իսկ սեփականատերը չի հիշում։
Խմբային գրանցումների վերաբերյալ ահազանգեր ևս ստացվել են, ստուգումների արդյունքում պարզվել է, որ առկա է բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը։ Նշենք, որ բնակարանի մակերեսով պայմանավորված հաշվառվողների քանակի սահմանափակում սահմանված չէ։
Այս ամենը պարզելու և ստուգելու նպատակով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները իրականացնում են ստուգումներ։
Միևնույն ժամանակ, նրանք նաև իրազեկում են քաղաքացիներին՝
ինչպես է իրականացվում հաշվառումը և հաշվառումից հանելը
ինչ քայլեր պետք է անել խնդիրների դեպքում
և ինչու է կարևոր ժամանակին փոխանակել ժամկետանց անձը հաստատող փաստաթղթերը»,-նշում են ՆԳ նախարարությունից։










