Ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը շարունակվում է աճել


Ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը շարունակվում է աճել
Մարտ 27 10:21 2026

ԵՊԲՀ «Հերացի»  թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 12-րդ շաբաթվա ընթացքում (16.03.2026թ.-22.03.2026թ.) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) հոսպիտալացվածների թիվը շարունակվում է աճել, նոր դեպքերի թիվը կազմել է 90, որը 4%-ով ավելացել է նախորդ  շաբաթվա դեպքերի համեմատ:

Վիճակագրությունը ներկայացրել է «Հերացի» կենտրոնը։

Նշվում է, որ ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են  ընդհանուր հոսպիտալացվածների 7%-ը: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր դեպքերը կրկին բաշխվել են երկու տարիքային խմբերում` 0-4 և 5-14 տարեկաններ: Հարկ է նշել, որ դեպքերը գերակշռել են  (60%)  0-4 տարեկանների խմբում` ինչը 20%-ով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ: Այս տարիքաին խմբի հեսպիտալացվածներից 5-ը եղել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 5-14 տարեկանների խմբում դեպքերը կազմել են  40%: 

Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 4: ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) գրիպի դետքային հսկողության շաբաթական ամփոփ տվյալների` 2026թ.-ի մարտի 9-ից 15-ը գրիպի տարածաշրջանային ցուցանիշը նվազել է համաճարակային շեմից: Վերջինս  հատկապես արտահայտվում է առաջնային օղակում: Դեպքերի ակտիվություն գրանցվել է  միայն մի քանի երկրներներում:

Հոսպիտալացվածների շրջանում գերակշռում են 65 և ավելի բարձր տարիքի անձիք: Հարկ է նշել, որ  տարածաշրջանում շրջանառվող A(H1) գրիպի վիրուսի մասնաբաժինը շարունակում է  մեծանալ` կազմելով 43%, իսկ A (H3) ենթատեսակինը` 57%: Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը նվազել է 10% համաճարակային շեմից` կազմելով 8%: 22 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 3%,  իսկ 9 երկրներ  հաղորդել են առնվազն 10%: 

SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը  մնացել է նույն ցածր մակարդակին (2%), ինչ նախորդ շաբաթ էր:

Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը շարունակում է պահպանվել բարձր` 10%: Հարկ է նշել, որ բարձրացման միտումը սկսվել է  2-3 շաբաթ առաջ: Հիվանդության բեռը և դրական արդյունքների թիվը մնում է ամենաբարձրը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում: