Ինքնաթիռի բախման հետևանքով բորտուղեկցորդուհին բազկաթոռի հետ շպրտվել է 100 մ հեռու


Ինքնաթիռի բախման հետևանքով բորտուղեկցորդուհին բազկաթոռի հետ շպրտվել է 100 մ հեռու
Մարտ 24 16:05 2026

Մոնրեալից Նյու Յորք թռչող Air Canada-ի չվերթի ուղեկցորդուհի Սոլանժ Թրեմբլեյը հրաշքով ողջ է մնացել Լա Գուարդիա օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո: Նրա նստատեղը նետվել է ինքնաթիռից ավելի քան 100 մետր հեռավորության վրա՝ հրշեջ մեքենայի հետ բախվելուց հետո, հաղորդում է TVA Nouvelles-ը՝ հղում անելով նրա դստերը։

Վայրէջքի ժամանակ ուղեկցորդուհին նստած է եղել օդաչուի խցիկի ետևում և ամրացված է եղել: Բախման պահին նրա նստատեղը դուրս է նետվել սրահից: Նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ, բայց կյանքինվտանգ չի սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ի ուշ երեկոյան: Air Canada-ի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է Port Authority-ի հրշեջ մեքենային: Մեքենան շեղվել էր թռիչքուղուց՝ մեկ այլ միջադեպի արձագանքելու համար։

BBC-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել և դանդաղել էր մինչև 39 կմ/ժ արագություն, սակայն բախման հետևանքով լուրջ վնասվածքներ են առաջացել: Երկու օդաչուներն էլ մահացել են: Port Authority-ի գործադիր տնօրեն Քեթրին Գարսիան հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 72 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, որոնցից երկուսը աշխատակիցներ են եղել: Բախումից հետո 41 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, որոնցից շատերը շուտով դուրս են գրվել զննումից հետո։ Մնացած ուղևորների վիճակը համարվում է կայուն։

Ուղևոր Ջեք Քաբոթը Fox News-ին ասել է, որ ինքնաթիռը կտրուկ դանդաղել է վայրէջք կատարելուց հետո, ապա սկսել է տատանվել։ Օդանավակայանի հաղորդակցության տվյալներով՝ օդային երթևեկության կարգավարը փորձել է կանգնեցնել ինքնաթիռը բախումից առաջ։