Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են կիբեռհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսաքարտեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։










