«Արթուր Ավանեսյանը ոչ միայն լեգենդ է, այլև մեր անվտանգության թիմի ղեկավար»,-տեղեկացնում է «ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ներկայացված է լեգենդար հետախույզի կենսագրությունը։
Երեկ Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրի շնորհանդեսի ժամանակ նա ներկայացրեց անվտանգության խնդիրների իր առաջարկած լուծումները.
«1. Ներդնել խելացի սահմաններ համալիր համակարգ՝ մարդկային գործոնի ռիսկը նվազեցնելու, սահմանների անխոցելիությունն ապահովելու համար, սահմանագծի ողջ երկայնքով արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցերի և ինքնավար հարվածային միջոցների տեղակայում։
2. Ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգ՝ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
3. Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային, տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։
4. Հայաստանի անկախության համար տեղական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերակա նպատակ է, դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնել մեր կախվածությունն այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում, բացի դրանից՝ ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։
5. Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված։ Սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը, անպաշտպան է հայ զինվորը։
Հակաօդային պաշտպանության համակարգերի՝ որսիչ դրոններ, հակաօդային հրթիռներ, խափանման մեթոդներ, կիրառմամբ Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։
6. Ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը»։










