Պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության մոտ՝ պահանջելով, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2025 թվականի ձմեռային զորակոչից զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 18 ամիս, հետադարձ ուժ ունենա և տարածվի նաև 2025 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ծառայության մեկնած զինծառայողների վրա։
«Մեր միակ դժգոհությունը դա է, որպեսզի 2025 թվականի ամռանը զորակոչված տղաները նույնպես ծառայեն 1,5 տարի 2 տարվա փոխարեն։ Նամակներ ենք գրել, բոլորին նույն պատասխանն է եկել՝ օրենքը հետադարձ ուժ չունի»,- նշեց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։
Ըստ ծնողների, եթե օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, գոնե արձակուրդներն ավելացնեն ու այդպես ծառայության ժամկետը հավասարեցնեն 1,5 տարվա։
Նրանք ասացին, որ իրենց որդիներն այս պահին դիրքերում են, տեղյակ չեն, որ իրենք այստեղ են. «Մեր տղաները ոչ նվնվում են, ոչ դժգոհում, մենք՝ որպես ծնող, մտածում ենք, որ անարդար է, անհավասարություն է»։
«2025 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ բանակ գնացածներն էլ մեր երեխաներն են, տարբերություն չենք դնում, լավ է, որ գոնե իրենք 1,5 տարի են ծառայելու, բայց մեր խնդրանքն է, բողոքը՝ մեր երեխաներն էլ ծառայեն 1,5 տարի կամ արձակուրդներով հավասարեցնեն 1,5 տարվա»,- նշեց ակցիայի մասնակիցը։
«Իմ որդին գնացել է 2025 թ. հուլիսի 14-ին, 2026 թ. հունվարի 7-ին գնացած երեխան իրենից ավելի շուտ է զորացրվելու, իսկ օգոստոսի 15-ին գնացած տղան մեկ ամիս էլ մնալու է զորմասում՝ նայելով, թե ինչպես են զորացրվում իրենից ուշ գնացածները»,-ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ այս մոտեցումն անարդար է, խնդրում են լուծում գտնել ու հավասարեցնեն 2007 թվականին ծնված տղաների ծառայության ժամկետները։










