ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը և ՀՀ տարածքային նկրտումների մասին հայտարարությունները վտանգավոր պրոցես է համարում:
Նա Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը համարում է, որ «այդ վտանգավոր պրոցեսը պետք է կառավարեն»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ պրոցեսն իր բոլոր պարամետրերով պետք է հասկանալ:
«Կառավարելու ենք առաջին հերթին պրոցեսի պատճառահետևանքային կապերը հասկանալով և պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով: Եթե մենք այսօր ասում ենք՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, Արցախը մերն է, ի՞նչն իրենց պետք է սահմանափակի հայելային ձևով նույն ասել: Կա նաև հակառակը, եթե իրենք ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», ի՞նչն այստեղ ՀՀ-ում շատ ուժերի պետք է սահմանափակի հակառակն ասել: Ե՛վ մենք, և՛ Ադրբեջանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ մտնենք և զուգահեռաբար այս խնդիրը լուծենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Իրան հումանիտար օգնություն ուղարկելու հարցին՝ Փաշինյանը նշեց, որ Իրանը մինչ այս պահը չի դիմել Հայաստանին օգնության խնդրանքով։
Վարչապետը նաև նշեց՝ եթե տեսնեն՝ Իրանը հումանիտար բնույթի օգնության կարիք ունի, մենք դա կտանք:










