Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային փորձը։
Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախարարը նշել էր, որ աշխատավարձերը վերանայելու անհրաժեշտություն կա, քանի որ դրանք չեն համապատասխանում զբաղեցրած բարձր պաշտոնին։
«ՍԴ դատավորների աշխատավարձերը ենթարկվելու են հստակ փոփոխության՝ ներառելով մինչ այս կատարված բոլոր փոփոխությունները, այդ թվում՝ հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք փուլային տարբերակով են ներդրվում և իրենց տեղը կգտնեն գործակիցներ սահմանող պետական պաշտոնատար զբաղեցնող անձանց մասին օրենքներում»,- ասաց նա։
Գալյանը նշեց, որ չի կարող հստակ ասել, թե որքանով կավելանան աշխատավարձերը. «Քանի որ տարբեր դատավորներ ունեն տարբեր ստաժ․ մեկը կարող է 3 տարի պաշտոնավարել և այլն։ Միջին աճը ևս դժվար է նշել, բայց այն կարող է կազմել մոտ 200-300 հազար դրամ, հնարավոր է՝ նաև մինչև 400 հազար դրամ»,- ասաց նա։










