Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է խորքային բարեփոխումներ. Վահագն Խաչատուրյան


Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է խորքային բարեփոխումներ. Վահագն Խաչատուրյան
Մարտ 17 15:16 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների երրորդ ֆորումին և հանդես է եկել ողջույնի խոսքով:

«Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ժամանակակից, արդյունավետ և քաղաքացիակենտրոն պետական կառավարման համակարգի ձևավորման համար։ Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվողականությունից և նոր մոտեցումների որդեգրումից: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում։

Նորարարությունը պետական կառավարման մեջ նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում, այլ նաև մտածողության փոփոխություն․ այն ենթադրում է ավելի բաց կառավարման մշակույթ, համագործակցություն տարբեր հաստատությունների միջև և քաղաքացիների կարիքներին ավելի զգայուն լուծումներ։

Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն շարժվում է այս ուղղությամբ՝ իրականացնելով հանրային կառավարման կարևոր և խորքային բարեփոխումներ։ Այս փոփոխությունների նպատակն է՝ պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ և ավելի հաշվետու՝ այն համապատասխանեցնելով ժողովրդավարական նորմերին և ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին։

Այս ճանապարհին առանձնահատուկ կարևոր դեր ունեն մեր հանրային ծառայողները՝ պաշտոնյաներ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի միջոցով ստեղծում են արդյունք, առաջարկում նորովի լուծումներ և նպաստում ավելի արդյունավետ պետական համակարգի ձևավորմանը։

Այսօրվա մրցանակաբաշխությունը հնարավորություն է՝ արժևորելու նրանց նվիրված աշխատանքը և ընդգծելու, որ նորարարությունը պետք է դառնա հանրային ծառայության անբաժանելի մաս։

Կցանկանայի կարևորել Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ կյանքի է կոչվել այս նախաձեռնությունը։ Համատեղ ջանքերով հնարավոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ նոր գաղափարները խրախուսվում են, փորձարկումները դիտվում են որպես զարգացման հնարավորություն, իսկ դրական փորձառությունն ընդօրինակվում է պետական համակարգում։

Վստահ եմ, որ այսօր ներկայացվող նախաձեռնությունները ոչ միայն կոգեշնչեն նոր գաղափարներ, այլև կնպաստեն պետական կառույցների, գործընկեր կազմակերպությունների և հասարակության միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը։

Մաղթում եմ հաջողություն մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին: Համոզված եմ, որ նրանց աշխատանքը կշարունակի կարևոր ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի զարգացման գործում՝ նպաստելով մեր քաղաքացիների կյանքի որակի շարունակական բարելավմանը»,- նշել է Խաչատուրյանը։