Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ծանուցագիր են ստացել ՀՀ քննչական կոմիտեից, որ ներկայանան հարցաքննության։
Քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն ու Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Փաստաբան Արմինե Ֆանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ Սրբազան Հայրերը ՔԿ են կանչվել նույն գործի շրջանակներում, ինչ նախորդ անգամ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։
Քննչական կոմիտեից Aysor.am-ին որևէ մեկնաբանություն այս մասով չտվեցին։
«Չենք մեկնաբանում»,- ասաց ՔԿ խոսնակը։
Նշենք, որ երեկ էլ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին էին Քննչական կոմիտե կանչել։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։










